BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Ասում ենք Թուրքիա, հասկանում ենք Ռուսաստա՞ն

Ասում ենք Թուրքիա, հասկանում ենք Ռուսաստա՞ն
10.03.2018 | 12:22

Երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 2-ին Կալինինգրադում հանդիպեց իր կողմնակիցների հետ` մարտի 18-ի նախագահական ընտրություններից 2 շաբաթ առաջ, նրան հարցրին, թե երկրի պատմության մեջ ո՞ր իրադարձությունը կցանկանար փոխել: «ԽՍՀՄ-ի փլուզումը»` պատասխանեց նախագահը: Այս պատասխանը, անկասկած, շատ կարևոր է ՌԴ նախագահի տեսակետներն ու առաքելությունը հասկանալու համար: Եթե ցանկանում եք, կարող եք անվանել դա «նոր ցարիզմ» կամ «նոստալգիա/ վերադարձ ԽՍՀՄ-ին», բայց ի վերջո ակնհայտ է փաստը` Ռուսաստանը հապճեպ վերանայում է այդ կամավոր-հարկադիր համակարգային որոշումն ու փորձում է ուղղել սխալը, որովհետև հավատում է, որ եկել է դրա ժամանակը: Կա ևս մեկ կարևոր չափում` Թուրքիան: Եթե Պուտինին այդ առումով հասցեագրվեր երկրորդ հարցը` «Ո՞րն է սովետական պատմության մեջ գործված ամենամեծ սխալը, որ կցանկանայիք ուղղել», նա հավանաբար կպատասխաներ. «Ստալինի հիմար հավակնությունները Թուրքիայից»:

Պուտինը, որ սառը պատերազմի շրջանում եղել է ՊԱԿ-ի գործակալ կարևորագույն ուղղություններով և 2005-ին ԽՍՀՄ-ի փլուզումն անվանել է «աշխարհի մեծագույն աշխարհաքաղաքական աղետ», չի կարող չհասկանալ, որ Ստալինի կոպիտ սխալները, որ վերջ դրեցին թուրք-սովետական հավասարակշռված հարաբերություններին, «ռազմավարական աղետ էին» ԽՍՀՄ-ի համար: Իշխանության գալուց մեկ տարի անց Պուտինը դարձավ Խրուշչովից հետո երկրորդ ղեկավարը, որ ցանկացավ ուղղել այդ սխալը: Ինչպե՞ս:

ԽՍՀՄ-ը որոշ ժամանակ հետո հասկացավ` ի՞նչ է նշանակում կորցնել Թուրքիան: Ափսոսանքը արտահայտվեց նոտայի տեսքով, որ Անկարա ուղարկվեց Խրուշչովի կառավարման առաջին օրերին: Բայց Մոսկվան չափազանց ուշացել էր: Թուրքիան արդեն ՆԱՏՕ-ի անդամ էր և 1952-ին ԱՄՆ-ին ու Արևմուտքին էր հանձնել ոչ միայն իր ձեռքը, այլև իրեն ամբողջությամբ (գլխից ու սրտից բացի): Հետագայում (1959-ի վերջին) Թուրքիայի վարչապետ, դեմոկրատական կուսակցության նախագահ Ադնան Մենդերեսը, որ ստորագրել էր ՆԱՏՕ-ի անդամակցության համաձայնագիրը, տեսնելով ԱՄՆ-ի ու ալյանսի իրական դեմքը, կհիշի Խրուշչովի նոտան ու կսկսի գործել ԽՍՀՄ-ի հետ հարաբերություններում նոր էջ բացելու ուղղությամբ: Կողմերը կպայմանավորվեն հանդիպել Մոսկվայում 1960-ի հուլիսին, բայց հանդիպումը չի կայանա: 1960-ի մայիսի 27-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջում կլինի: Չնայած հեղաշրջումը ներքին քաղաքականության հետ կապելու փորձերին, ժամանակի հետ ակնհայտ կդառնա նախ և առաջ արտաքին քաղաքական չափումը` կապված ԽՍՀՄ-ի, երրորդ աշխարհի, գերազանցապես իսլամական աշխարհի ու, իհարկե, Կիպրոսի հետ: Հեղաշրջումը կհանգեցնի Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ նշմարվող այլընտրանքի արմատական որոնումների ձախողմանը և կխանգարի թուրք-սովետական հարաբերություններում այն հավասարակշռության հաստատմանը, որ կար 1920-1938 թվականներին: Թեպետ սառը պատերազմի ավարտին Սովետական Միության հետ իրականացվում էին փոխգործակցության որոշ ձևեր,1960-ի ուրվականը միշտ զգացնում էր իրեն և համագործակցության որոնումները չէին կարող զբաղեցնել 1959-1960 թվականներին ուրվագծվող համագործակցության գաղափարի /նպատակի տեղը: Այդպես շարունակվեց մինչև 2001-ի նոյեմբերի 16-ը` ռուս-թուրքական հարաբերությունների նոր փուլի սկիզբը: Շրջադարձային դարձավ 2001-ի նոյեմբերի16-ին կնքված համաձայնագիրը` «Եվրասիայում Թուրքիայի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր` երկկողմ համագործակցությունից դեպի բազմաճյուղ գործընկերություն»: Այդ փաստաթուղթը հավասարազոր էր տարածաշրջանում հերթական անգամ ռազմավարական գիտակցության/բնազդների գործարկմանն ընդդեմ ԱՄՆ-ի միաբևեռ աշխարհակարգի կառուցման` դեպի Եվրասիա կողմնորոշումով: Թուրքիայի ու Ռուսաստանի այդ համաձայնագիրը ոչ միայն ձախողեց ԱՄՆ-ի Միջին Ասիա-Կովկաս-Սև ծով առանցքի կառուցման ծրագրերը, այլև ցույց տվեց իր ներգործությունը Մերձավոր Արևելքում ու նախ և առաջ Սիրիայում: Իրաքում ու Սիրիայում իրար հաջորդած ԱՄՆ-ի ջախջախիչ պարտությունների հիմքում ևս այդ փաստաթուղթն է: Գագաթնաժողովները Աստանայում ու Սոչիում, որ նույնացվում են Թուրքիա-Ռուսաստան-Իրան եռյակի հետ, ոչ միայն համաձայնության որոնումներ են սիրիական ուղղությամբ, այլև բարձրագույն կամքի ծագման գործընթացի մաս` կյանքի կոչելու այդ փաստաթղթում ամրագրված հռետորաբանության, որոշումների ինստիտուցիոնալացումը: Այնտեղ հայտարարված բազմաբևեռությունը, Թուրքիայի ու Ռուսաստանի կողմնակի արտահայտված նպատակները` դառնալ բևեռ կամ բևեռներ բազմաբևեռ աշխարհում և դա իրականացնելու առաջարկները աստիճանաբար պարզվում են Սիրիա-Իրաք առանցքի ճգնաժամերում:


Մի քանի օր առաջ Ռուսաստանից պատասխան տրվեց ԱՄՆ / ՆԱՏՕ-ին, որ կողմնակի սպառնում են Թուրքիային: Մարտի 1-ին Դաշնային ժողովին իր ուղերձում Պուտինն ընդգծեց, որ Ռուսաստանի կամ իր որևէ դաշնակցի դեմ միջուկային հարձակումը կընկալվի ագրեսիա Ռուսաստանի դեմ և կտրվի անհապաղ պատասխան: ՌԴ Պետդումայի պաշտպանության համնձնաժողովի փոխնախագահ Ալեքսանդր Շերինի հայտարարությունից պարզ դարձավ` ովքեր են դաշնակից համարվում: Շերինն ասաց, որ բացի ՀԱՊԿ-ի երկրներից` Սիրիան, Իրանը, Հյուսիսային Կորեան, Չինաստանն ու Թուրքիան Ռուսաստանի դաշնակիցներն են ու և այդ երկրների դեմ միջուկային հարձակման սպառնալիքի դեպքում Մոսկվան պատրաստ է նրանց պաշտպանել, ըստ էության ԱՄՆ / ՆԱՏՕ-ին ասելով` «Համարիր անվավեր»: Պարզ է դառնում, որ Ռուսաստանը իր ունեցած նոր սերնդի ռազմական համակարգերի զսպման ուղղությամբ քայլերով սկսում է որոշարկել նոր աշխարհակարգի ձևը, մասշտաբն ու անունը: ՆԱՏՕ-ի պատասխանն իրեն սպասել չտվեց. «Մենք ընդունեցինք ի գիտություն»: Մենք բոլորս լավ գիտենք` ով է օգտագործում այդ արտահայտությունը: Ակնհայտ է, որ Բրյուսելը չէ այն հասցեն, որտեղից եկել է պատասխանը: Մենք շարունակում ենք խոսել Ռուսաստանի ու նրա նոր զինատեսակների համակարգերի մասին տարբեր առումներով, ներառյալ Թուրքիան:
Մեհմեդ Սեյֆետին ԷՐՈԼ, Milli Gazete, Թուրքիա


Հ.Գ. Փայլուն օրինակ է, չէ՞, ինչպես գլխիվայր շրջել պատմությունն ու իրադարձությունների բովանդակությունը: Կամ` ինչպես սեփական սուբյեկտիվ գնահատականներով փորձել ներկան շրջել: Չե՞ք կարծում, որ երբ Պուտինին հարցնում էին, թե երկրի պատմության մեջ ո՞ր իրադարձությունը կցանկանար փոխել, առավել մարդկային, տրամաբանական ու քաղաքական պատասխանը պիտի լիներ` Երկրորդ համաշխարհային պատերազմը, ոչ թե ԽՍՀՄ-ի փլուզումը: Նոր ցարիզմի կամ ԽՍՀՄ-ի վերադարձի նոստալգիան կարող էր արտահայտվել այլ կերպ: Եվ արդեն ոչ մի կերպ նա չէր պատասխանի «Ստալինի հիմար հավակնությունները Թուրքիային», եթե հարցնեին «Ո՞րն է սովետական պատմության մեջ գործված ամենամեծ սխալը, որ կցանկանայիք ուղղել»: Որքան էլ այդ պատասխանը պետք է Թուրքիային, Պուտինը չէր կարող մոռանալ, որ Ստալինգրադի ճակատամարտի օրերին Թուրքիան սպասում էր Պաուլյուսի հաղթանակին, որ հարձակվի ԽՍՀՄ-ի վրա ու դա «Ստալինի կոպիտ սխալը» չէր: Եվ երբեք էլ Թուրքիայի հետ հարաբերությունները «ռազմավարական աղետ» չեն եղել ԽՍՀՄ-ի համար: Որ Լենինից ոսկի ու հացահատիկ ստանալով` Մուստաֆա Քեմալը իր իշխանությունը մի քիչ ամրապնդելուց հետո փորձում էր Միջին Ասիա մտնել` կտրելով Ռուսաստանից ու դա ևս «Ստալինի կոպիտ սխալը չէր»: Եվ ընդհանրապես եթե Թուրքիան այդ պահին Ռուսաստանի համար որևէ կարևորություն ունի` ՆԱՏՕ-ի անդամակցության շնորհիվ է` Մոսկվայի ամբողջ խաղը Անկարային ՆԱՏՕ-ից կտրելու վրա է` ընդդեմ ԱՄՆ-ի ու ալյանսի դիրքերի թուլացման տարածաշրջանում: ՈՒ դա 7 կողպեքով կողպված գաղտնիք չէ: Մնացածը միմյանց օգտագործելու խաղեր են` ռազմավարական դաշնակիցները միմյանց ինքնաթիռներ չեն խփում, դեսպաններին չեն սպանում ու հանցագործությունը չբացահայտված չեն թողնում, միմյանց դաշնակիցների հրաժարականը չեն պահանջում: Առավել ևս այդ պայմաններում ոչ մի վստահություն, որ Թուրքիան հերթական շրջադարձով ԱՄՆ-ի գիրկը չի նետվի` ընդդեմ Ռուսաստանի:
ԱՄՆ-ի ոչ մի առանցք էլ թուրքերն ու ռուսները չեն ձախողել և արկածախնդրություն է համարել, որ Իրաքում ու Սիրիայում ԱՄՆ-ը ջախջախիչ պարտություններ է կրել: Եթե ԱՄՆ-ը պարտվել է, ո՞վ է ու ու՞ր է հաղթողը:


Եթե Թուրքիային ձեռնտու է հայտնվել ՀԱՊԿ-ի երկրների, Սիրիայի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, Չինաստանի հետ մի շարքում, պարտավոր է պատասխանել այդ երկրների հետ փոխհարաբերությունների տասնյակ հարցերին ու հարկադրված է լինելու արմատապես փոխել արտաքին քաղաքականությունը` հավերժական թշնամիներ ստանալով տարածաշրջանում ու իր տնտեսական շահերի իրականացման ճանապարհին: Ինչ վերաբերում է փաստին, որ Թուրքիան արդեն 1952-ին ԱՄՆ-ին ու Արևմուտքին էր հանձնել ոչ միայն իր ձեռքը, այլև իրեն ամբողջությամբ, ճշմարտություն է, բայց մեծ չափազանցություն է պնդումը` գլխից ու սրտից բացի: Պիտի գլուխ ու սիրտ ունենաս, որ հանձնես:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2918

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ